Login
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

Հայաստանի Հանրապետության տարածքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների բնագավառի գործառույթներն իրականացնում են ՀՀ մշակույթի նախարարության համակարգում գործող ստորաբաժանումներն ու ենթակազմակերպություները: Դրանք են՝

 

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ

 

ՀՀ մշակույթի նախարարության ենթակազմակերպություն է: Ստեղծվել է 2003 թ., Հայկական հուշարձանների համահավաքի խմբագրության վերակազմավորմամբ: Իրականացնում է հետևյալ գործառույթները.

- Հայաստանի Հանրապետության, պատմական Հայաստանի և արտերկրի հայկական պատմամշակութային անշարժ ժառանգության հաշվառումը, վավերագրումը, ուսումնասիրումն ու հանրահռչակումը:

- Պատմության և մշակույթի  անշարժ  հուշարձանների  և  հատուկ  պահպանվող  պատմամշակութային  տարածքների  պետական և լրացուցիչ ցուցակների կազմումը:

- Պատմության և մշակույթի  անշարժ  հուշարձանների  և  հատուկ  պահպանվող  պատմամշակութային  տարածքների վկայագրումը, պահպանական գոտիների նախագծերի կազմումը

- Հայկական պատմամշակութային անշարժ ժառանգության գիտատեղեկատու շտեմարանի կազմումը և վարումը

- Վտանգված և վերականգնվող հուշարձանների հնագիտական հետազոտությունների (պեղումների) կատարումը 

- Բացահայտված կառույցների չափագրությունը, գտածոների ուսումնասիրությունը և արդյունքների հրատարակումը

- Հուշարձանների վերականգնման նախագծերի կազմումը

- «Հայկական  հուշարձանների  համահավաք  (Դիվան)»  բազմահատորյակի  կազմումը  և  հրատարակության  պատրաստումը, ինչպես նաև՝«Հուշարձան» տարեգրքի և  գիտական  ու  գիտահանրամատչելի  այլ  աշխատությունների հրատարակումը

- Պատմամշակութային անշարժ հուշարձանների և հատուկ պահպանվող պատմամշա­կութային տարածքների կադաստրի կազմումն ու վարումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ  ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ մշակույթի նախա­րարության կառուցվածքային ստորաբաժանում է, ստեղծվել է 2008 թ. և իրականացնում է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների բնագավառի հետևյալ գոր­ծառույթները.

-     Մասնակցում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հետազոտման, ուսումնասիրման, պահպանության, օգտագործման, հանրահռչակման բնագավա­ռում պետական քաղաքա­կանության սկզբունքների ձևավորմանը և ապահովում է դրաց կիրառումը

-     ՀՀ կնքած միջազգային պայմանագրերի համապատասխան համագործակցում է օտար­երկրյա պետությունների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավարի պահպանության և օգտագործման բնագավառի միջազ­գային կազմակերպությունների և լիազոր պետական մարմինների հետ

-     ՀՀ կնքած միջազգային պայմանագրերի համապատասխան աջակցում է օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող հայկական հուշարձանների հաշվառմանն ու հետազոտմանը

-       Ապահովում է ուսումնական, գիտահետազոտական, զբոսաշրջության զարգացման նպատակներով հուշարձանների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը

-        Առաջարկություն է ներկայացնում ՀՀ մշակույթի նախարարին պատմամշակութային արգելոց ստեղծելու վերաբերյալ

-        Կազմում և ներկայացնում է մշակութային ժառանգության պահպանության, հանրահռչակման հայեցա­կարգերի, ռազմա­վարության, մշակութային ժառանգությունը կար­­գա­վո­րող իրավական ակ­տերի և այլ փաստաթղթերի նա­խա­գծեր, ինչպես նաև ներկայացնում է առաջար­կու­թյուն­ներ գոր­ծող փաստա­թղթերում փո­փո­խություն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու անհրա­ժեշտության մասին, ապահովում իրավական ակտերի կիրարկումը, իրականացնում է մշակութային ժառանգության բնա­գավառի պետական քա­ղաքականության վերլուծությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ 

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

Ստեղծվել է 2002 թ., ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահապանության վարչության վերակազմավորմամբ: ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը գործում է ՀՀ մշակույթի նախարարության կազմում և օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գործառույթներ է իրականացնում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բնագավառում, հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, ՀՀ նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, ՀՀ կառավարության որոշումներով, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերով։

Գործակալության նպատակներն ու խնդիրներն են՝

- ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանությանը, օգտագործմանը և հանրահռչակմանը նպաստելը

- Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման ապահովումը

- ՀՀ օրենսդրության համապատասխան՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության բնագավառում աշխատանքների կազմակերպումը

- Պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:

 

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ

 

ՀՀ մշակույթի նախարարության ենթակազմակերպություն է: Ստեղծվել է 2003 թ.: Իրականացնում է արգելոց-թանգարանների, պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձան­ների և պատմա­մշակութային հողերի պահպանությունը, թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, կազմակերպում է պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման խնդիրներին նվիրված գիտական նստաշրջաններ, համաժողովներ, գիտագործ­նական սեմինարներ ու խորհրդակ­ցու­թյուններ, պատրաստում և հրատարա­կում է աշխատություններ, մենագրություններ, ուղեցույցներ, կատալոգ­ներ, գիտահանրամատչելի, գիտատեղեկատու, քարոզչական և գովազդային նյութեր, կազմակերպում է մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցադրու­թյուն­ներ ու ցուցահանդեսներ:

Որպես ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպությունն իրականացնում է հուշար­ձանների պատկերներով հուշանվերների պատրաստում և իրացում, պայմանագրային հիմունքներով հուշարձանների վերաբերյալ փաստավավերագրական նյութերի տրամադրում իրավաբանական ու ֆիզիկական անձանց և այլն:

 

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

ՀՀ մշակույթի նախարարությունն ունի 3 խորհրդակցական մարմին` փորձագիտական հանձնաժողով, միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով և գիտամեթոդական խորհուրդ: Նրանցում ընդգրկված են հուշարձանների հետազոտման, պահպանության, վերականգնման ու օգտագործման բնագավառների փորձառու մասնագետներ, շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա հաստատվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների, դրանցում նորահայտ օբյեկտների ընդգրկման, դրանց` ըստ բնույթի և նշանակության դասակարգման, պահպանական գոտիների տարածքների օգտագործման հանձնման խնդիրները:

Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը հուշարձանների հետախուզման ու հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության, արդյունավետության խնդիրները քննարկող և գիտամեթոդական եզրակացություն տվող մարմին է: Այն մշակում է ՀՀ հնագիտական պեղումների ռազմավարությունը, ընդունում է ամենամյա պեղումների հաշվետվությունները և եզրակացություններ է տալիս հնագիտական հուշարձաններում պեղումներ կատարելու վերաբերյալ:

Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի եզրակացությունները լիազորված մարմնի կողմից հաստատվելուց հետո պարտադիր են հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ իրականացնող իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար:

Գիտամեթոդական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի քննարկմանն է ներկայացվում հուշարձանների պահպանության, վերականգնման հետ կապված  յուրաքանչյուր խնդիր: Լիազորված մարմինը հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման համար համաձայնություն տալիս է նախագծային առաջադրանքների ու նախագծային-նախահաշվային լիարժեք փաստաթղթերի առկայության դեպքում և գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացության հիման վրա:

 

 

 

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի գրավոր թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3, հեռ. +374 10 526618: